Հայաստան

Հետաքրքիր փաստեր Հայաստանի մասին

«Հայաստան» անվանումը մինչև 20-րդ դարի սկիզբը  վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի պատմության սկիզբն ընդունված է համարել մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում:

Հայաստանը հնագույն երկիր է

Հայաստանն Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրն է

Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել։ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը քարոզչություն էին անում Հայաստանում, և Հայ Առաքելական եկեղեցին կոչվել է նրանց անունով։ Գրիգոր Լուսավորիչը, որը 301թ. մկրտեց Հայաստանը, դարձավ Ամենայն Հայոց առաջին կաթողիկոսը։ Հայաստանը դարձավ պատմության մեջ առաջին քրիստոնեական պետությունը։

Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում

Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Քրիստոսի գեղարդը (Լոնգինի գեղարդը), որով հռոմեացի մարտիկ Լոնգինը խոցեց Հիսուս Քրիստոսին, պահվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ 2000 թվականից տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից է

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ. Երևանը կնշի իր 2800-ամյակը։

Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում

Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 բաղաձայն և 29 ձայնավոր։ XII դարից հետո այբուբենը հարստանում է ևս երկու տառով, իսկ 1940թ. արդեն առկա երկու տառի միաձուլմամբ ստեղծվում է ևս մեկ տառ, որը, սակայն, մեծատառ չունի։ Գիտնականները հայոց այբուբենը համարում են աշխարհում ամենակատարյալ երեք այբուբեններից մեկը՝ վրացական և կորեական այբուբենների կողքին։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է նաև վրացական և աղվանական այբուբենները։ Ավելի քան հազար վեց հարյուր տարի հայոց այբուբենը գոյություն ունի գրեթե անփոփոխ։ Հայ գրերի գյուտի հեղինակի՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան ստորոտին։

Աշխարհում առաջին թվաբանության դասագիրքը կազմել է հայ մաթեմատիկոսը

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների դասագիրքը կազմել է VI դարի հայ գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Այդ դասագրքի մի նմուշ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում։ Մատենադարանը հնագույն ձեռագրերի՝ աշխարհում ամենախոշոր պահոցներից մեկն է։ Մատենադարանում են պահվում նաև հին հայկական ձեռագրերը։

Հայաստանը ծիրանի հայրենիքն է

Ծիրանի հայրենիքը համարվում է Հայաստանը։ Դա կապված է Ասիայից դեպի Եվրոպա ծիրանի ներթափանցման պատմության հետ։ Ֆրանսիացի հայտնի կենսաբան Դե Պոերդերլեն (De Poerderlé) XVIII դարում գրում էր. «Այդ ծառի անունը ծագում է Հայաստանից՝ ասիական նահանգից, որտեղ այն առաջ է եկել և որտեղից էլ բերվել է Եվրոպա…»։

Մինչ այդ կարծում էին, թե ծիրանը Հայաստանից Հունաստան է տարել Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ Հունաստանից էլ անցել է Իտալիա։ Այս վարկածը չի հաստատվել ժամանակի հռոմեական և հունական գրավոր աղբյուրների կողմից. դրանցում ծիրանի մասին հիշատակություն չկա։

Սակայն ծիրանը հիշատակվում է 1-ին դարի աղբյուրներում, ինչը վկայում է այն մասին, որ ծիրանն Իտալիայում հայտնվել է մ.թ.ա. 1-ին դարում, հռոմեա-պարթևական պատերազմներից հետո։ Ծիրանն անվանել են «հայկական խնձոր» (լատ.՝ Mela armeniaca, pomum armeniacum), ինչը հաստատում է այն վարկածը, որ ծիրանը Հռոմ է տարվել Հայաստանից։ Արաբ աշխարհագրագետ Իբն-ալ-Ֆակիհն իր «Երկրների գիրքը» աշխատությունում (903թ.) ծիրանը հիշատակում է իր հայերեն անունով՝ ծիրան, և այն անվանում է «Հայաստանի պտուղ»։

Հայկական հանրահռչակ երաժշտական գործիքը՝ դուդուկը, պատրաստվում է ծիրանենուց։

Բիբլիական Արարատ

Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է։ Այն պատկերված է երկրի զինանշանին։ Արարատ լեռան վրա է կանգ առել Նոյն իր տապանով համաշխարհային ջրհեղեղից հետո. «Եվ կանգ առավ տապանը յոթերորդ ամսում, ամսվա տասնյոթերորդ օրը, Արարատյան լեռներում»։

Արարատյան լեռնաշղթան ունի երկու հանգած հրաբուխ՝ Մեծ Արարատ (Մասիս, 5165 մ) և Փոքր Արարատ (Սիս, 3927 մ)։

Սակայն ներկա պահին լեռը Հայաստանի տարածքում չէ, այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում և նրան է անցել 1921թ. Կարսի պայմանագրով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում Կարսի պայմանագիրը։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը՝ եղեռնը, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923թթ.։ Ցեղասպանությունն իրականացվել է ֆիզիկական բնաջնջման և տեղահանության միջոցով, ներառյալ քաղաքացիական բնակչության տեղահանությունն այնպիսի պայմաններում, որոնք հանգեցրել են անխուսափելի մահվան։

1907թ. իշխանությունը Թուրքիայում զավթեցին երիտթուրքերը, որոնց գաղափարախոսությունը պանթուրքիզմն էր, կամ Բալկաններից մինչև Ալթայ «Մեծ Թուրան» ստեղծելու երազանքը։ 1914թ. Թուրքիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելը երիտթուրքերին հնարավորություն տվեց վերջնականապես լուծել «հայկական հարցը», այսինքն՝ գլխովին բնաջնջել հայ ժողովրդին։

Հայոց ցեղասպանության ժամանակ սրի քաշվեց և ոչնչացվեց մոտ 1.500.000 հայ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 26 երկիր։ 2015թ. ապրիլի 24-ին լրացավ այդ իրադարձության 100 տարին։

Հայկական սփյուռք

Հայերի ընդհանուր թվաքանակն աշխարհում կազմում է 10-12 մլն, բայց Հայաստանի բնակչության թիվը մոտ 3 մլն է։

1915թ. ցեղասպանությունից հետո մոտ 500.000 հայ սփռվեց աշխարհով մեկ, և սփյուռքը խիստ մեծացավ։ Թուրքիայից փախստական հայերը հիմնվեցին Արևելյան Եվրոպայի, Բալկանյան և Մերձավոր Արևելքի շատ քաղաքներում։ Այժմ հայկական խոշոր համայնքներ կան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Արգենտինայում, Հորդանանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Կանադայում, Ավստրալիայում և շատ այլ երկրներում։

Սփյուռքը տնտեսական և քաղաքական մեծ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին։

Արենու գինեգործարանն ամենահինն է աշխարհում

Մի քանի տարի առաջ Արենի գյուղում, որը գտնվում է Արփա գետի ափին, Արենի-1 քարայրում գտնվեց աշխարհում հնագույն գինեգործարանը, որտեղ գինի են արտադրել ավելի քան վեց հազար տարի առաջ։ Գտնված առարկաների մեջ կային հյութ ստանալու մամլիչ, խմորման անոթներ, խմելու թասեր, ողկույզի մնացուկներ և կորիզներ։ Գիտնականները կարծում են, որ խաղողը, որից Հայաստանում գինի են պատրաստել 6 հազար տարի առաջ, եղել է Պինո Նուար հայտնի տեսակի նախնին։ Այժմ Ֆրանսիայում այդ տեսակի խաղողից թանկարժեք գինիներ են պատրաստում։

Արենի գյուղը հիմա էլ հայտնի է իր գինիներով։ Ամեն տարի, հոկտեմբերին, այստեղ տեղի է ունենում գինետոն։

Ամենահին կոշիկը

2008թ. սեպտեմբերին Արենի գյուղում հայտնաբերվեց աշխարհում ամենահին կոշիկը, որն ավելի քան 5500 տարեկան է։ Տրեխի հետ միասին գտնվել են այծի կոտոշներ, որոնք խնամքով պահված էին 45 սմ խորություն և 44 սմ տրամագիծ ունեցող փոսում։ Կոշիկը շատ լավ պահպանվել է շնորհիվ հատուկ միկրոկլիմայի և այն բանի, որ գտնվել է ոչխարի կղանքի հաստ շերտի տակ, որն էլ ծառայել է որպես ամուր պաշտպանիչ թաղանթ։ Տրեխը համապատասխանում է 37 չափսին, այն լցված էր ծղոտով և խոտով։ Այն կրել են աջ ոտքին, պատրաստված էր մի ամբողջական կաշվի կտորից։ Պահպանվել են նաև քուղերը և դրանց անցքերը՝ 2-3 մմ տրամագծով։

Հայկական հացը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում

Հայկական լավաշը 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգևոր ժառանգության ցանկում։ Որոշումն ընդունվել է Փարիզում, մշակութային-հոգևոր ժառանգության պահպանության կոմիտեի նիստի ժամանակ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում են ներառվել նաև դուդուկի նվագը (2005թ.), հայկական խաչքարերի ստեղծման վարպետությունը (2010թ.) և հայկական միջնադարյան էպոսը՝ «Սասունցի Դավիթը» (2012թ.)։

Հայաստանի տարածքում կան ևս 9 պատմամշակութային հուշարձաններ, որոնք նույնպես գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո՝ Հաղպատի վանք (X-XIIIդդ.), Սանահինի վանք (Хդ.), Մայր աթոռ Սբ Էջմիածին (IVդ.), Սուրբ Հռիիփսիմե եկեղեցի (VIIդ.), Սուրբ Գայանե եկեղեցի (VIIդ.), Զվարթնոցի տաճար (VIIդ.), Գեղարդավանք (IV-XIIIդդ.), Ազատ գետի հովիտ, Շողակաթ եկեղեցի (XVIIդ.)։

Հայկական կոնյակ

Հայկական կոնյակը հայտնի է բոլորին, այն ճանաչում ունեցող խմիչք է ամբողջ աշխարհում։ Կոնյակի արդյունաբերական արտադրությունն սկսվել է 1887թ.։ Վաճառական Ներսես Թաիրյանը Երևանում կառուցել է առաջին գինեգործական ձեռնարկությունը։ 12 տարի անց այն գնել է մոսկվացի վաճառական Նիկոլայ Շուստովը։ Մի քանի տարի հետո շուստովյան կոնյակը հանրահայտ էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ 1900թ. Շուստովը ծպտյալ կոնյակի նմուշներ է ուղարկում Փարիզ՝ ցուցահանդեսի։ «Մրցավարները», ոչինչ չկասկածելով, Գրան պրին շնորհում են անհայտ գինեգործին։ Իմանալով, որ ըմպելիքի հայրենիքը Հայաստանն է, ֆրանսիացիները Շուստովին թույլ են տալիս (բացառության կարգով) իր արտադրանքի շշերի վրա գրել «կոնյակ», այլ ոչ թե «բրենդի», ինչպես կարգադրվում էր անել այդ արտադրանքը թողարկող բոլոր օտարերկրացիներին։

Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը, 1912թ. մրցույթի ժամանակ համտեսելով շուստովյան կոնյակը, նրան իրավունք է տալիս լինել ռուսական կայսերական պալատի այդ խմիչքի գլխավոր մատակարարը։

Հայտնի է նաև, որ կոնյակը եղել է Ուինսթոն Չերչիլի սիրած խմիչքներից մեկը։ Նա ամեն օր մի շիշ 50 աստիճանանոց հայկական «Դվին» կոնյակ է խմել։

«Տաթևեր» ճոպանուղին՝ Գինեսի ռեկորդների գրքում

«Տաթևեր» ճոպանուղին, որը Գորիս քաղաքը կապում է Տաթևի վանական համալիրի հետ, աշխարհում ամենաերկար ուղևորատար ճոպանուղին է։ Այն կառուցվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում և բացվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին։ Ճոպանուղու երկարությունը 5752 մ է։  Աշխարհում նման մասշտաբի միակ ինժեներական կառույցն է «Տաթևեր» ճոպանուղին, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում։ Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհի տևողությունը 11 րոպե է, առավելագուն բարձրությունը՝ 320 մ, ուղևորատարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու թողարկային կարողությունը կազմում է ժամում 200 ուղևոր։

Հայաստանը՝ շախմատային գերտերություն

Շախմատը Հայաստանում հայտնի էր դեռևս IX դարում։ Այն հիշատակվում է XII-XIII դարերի հայկական ձեռագրերում, որոնք պահվում են Մատենադարանում։ Խորհրդային շախմատիստ Տիգրան Պետրոսյանն աշխարհի 9-րդ չեմպիոնն է եղել 1963-1969թթ.։

Ժամանակակից Հայաստանում 2011 թվականից, սկսած առաջին դասարանից, դպրոցականներն ուսումնասիրում են շախմատը որպես պարտադիր առարկա։ Պարապմունքները նպաստում են երեխաների մտավոր կարողությունների զարգացմանը, սովորեցնում ճկուն և իմաստուն մտածել։ Հայաստանը հավակնում է այն բանին, որ դրա դասավանդման մեթոդիկան դառնա աշխարհում լավագույններից մեկը։

1999թ. Հայաստանի տղամարդկանց, իսկ 2003թ. կանանց հավաքականները դարձան Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ։ 2006թ. տղամարդկանց հավաքականը հաղթանակ տարավ Թուրինի շախմատային օլիմպիադայում, 2008-ին այդ հաջողությունը կրկնեց Դրեզդենում, իսկ 2011-ին հաղթեց աշխարհի թիմային առաջնությունը Նինբոյում։ Ներկայում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժեղագույններից մեկն է աշխարհում, իսկ հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կայուն կերպով ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի լավագույն շախմատիստների եռյակում է։


Բազմաթիվ այլ գրավիչ փաստեր կան Հայաստանի մասին։ Սակայն, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը. «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով