Պլատոն

Պլատոն ։ Պլատոնի մտքերից

Պլատոն ՝ հույն փիլիսոփա և անտիկ իդեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ: Նրա փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել հետագա դարերի փիլիսոփայական մտքի զարգացման վրա. ստեղծվել են պլատոնականություն և նորպլատոնականություն փիլիսոփայական ուղղությունները:

Պլատոնը (բառացի նշանակում է թիկնեղ, իսկական անունը՝ Արիստոկլես) ծնվել է արիստոկրատի ընտանիքում: Հայրն Ատտիկայի թագավոր Կոդրոսի տոհմից էր, մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի:

Պատանեկան տարիներին նա ցանկացել է դառնալ քաղաքական գործիչ, սակայն 407 թ-ից աշակերտելով Սոկրատեսին՝ որոշել է լրջորեն զբաղվել փիլիսոփայությամբ:

Ուսուցչի մահվանից հետո Պլատոնը հեռացել է Աթենքից, շուրջ 1 տարի ապրել է Մեգարայում, այնուհետև մեկնել է Եգիպտոս, Հարավային Իտալիա և Սիցիլիա: Սիրակուզայում (Սիցիլիա) բռնակալ Դիոնիսիոսը պալատական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով նրան վաճառել է ստրկության: Ազատվելով՝ Պլատոնը վերադարձել է Աթենք։ 387 թ-ին հիմնադրել է սեփական դպրոց՝ Պլատոնյան ակադեմիան, որը դարձել է անտիկ գիտության և իդեալիստական փիլիսոփայության խոշորագույն կենտրոն:

Պլատոնի մտքերից

  • Լավ սկիզբը գործի կեսն է:
  • Գիտելիքը ճշմարիտ կարծիքն է:
  • Ամենայն իմաստության հիմքը համբերությունն է:
  • Տգետ են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
  • Որքան հասանելի է նպատակը,այնքան ավելի թույլ է ձգտումը դեպի այն:
  • Աշխատելով ուրիշների երջանկության համար` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
  • Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ իմաստասերներն արքաներ են, իսկ արքաները՝ իմաստասեր։
  • Լիակատար տգիտությունն ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումն ավելի վատ է:
  • Ինքն իրենով խաբված լինելն ամենից վատ է, որովհետև այդ դեպքում խաբողը միշտ ներկա է խաբվողի կողքին:
  • Հերոսը ծնվում է հարյուրի մեջ, իմաստունը`հազարի, բայց կատարյալ մարդ չի կարելի գտնել հարյուր հազարների մեջ:
  • Իրենց թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց ոչ միայն իրենք իրենց:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով