դեկտեմբերի 7 - 1988թ․

1988թ. դեկտեմբերի 7

1988 թվականի դեկտեմբերի 7-ը հայի պատմության ամենասարսափելի էջերից է, որն ուզում ես անվերադարձ թերթել: Սակայն սպիները միշտ էլ հիշեցնում են վերքի մասին…

Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ։

Սպիտակի երկրաշարժը սկսվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22․7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22․7 վրկ.)։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7․0, իսկ անջատված էներգիան հավասար էր 1016 Ջոուլի։ Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվում է 10 բալ։

10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41%-ն ավերակի վերածեց։ 25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար:

Երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան նման ավերիչ ուժի 15-20 երկրաշարժ է լինում։ Սակայն ինչպես յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժ, Սպիտակինն էլ ունի իր որոշակի առանձնահատկությունները։

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված՝ լրիվ ցիկլի երկրաշարժերին՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում։
Բավական ուժեղ նախացնցումները (ֆորշոկ) եղել են 1988թ. դեկտեմբերի 3-ին (մեկ)  և  6-ին (երեք)։
Դրանցից առավել ուժեղը՝ մոտ 5 բալ ուժգնության, տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 7 անց 27-ին։

Հիմնական սեյսմիկ իրադարձութունը կազմված է եղել երեք տարբեր ցնցումներից 5 և 14վրկ. ընդմիջումներով (45 վայրկյանի ընթացքում իրար հաջորդող երեք տարբեր երկրաշարժեր)։ Առաջին ցնցումը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը և շրջակա գյուղերը։ Երկրորդ ցնցումը, որը սկսվել է առաջինից 5 վայրկյան հետո, եղել է ամենաթույլը և ամենամակերեսայինը (մինչև 5 կմ հիպոկենտրոնի խորությամբ)։
Այն տեղի է ունեցել Հալավար գյուղի մոտ, Վանաձորից ոչ հեռու։ Այս ցնցումից ևս 15 վրկ. անց Ձորաշենի մոտ սկսվել է երրորդ, ամենաուժեղ և ամենախոր (10-15 կմ) ցնցումը, որը և եղավ Գյումրիի ու Ստեփանավանի ավերման հիմնական պատճառ (քանի որ մոտ էր գտնվում նրանց)։
Առաջին ուժեղ հետցնցումը եղել է հիմնական ցնցումից 4 րոպե 20 վրկ. հետո։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։ Վերջին տարիներին դրանց հաճախականությունը նվազել է, բայց այդ մարումը խիստ օրինաչափ չի ընթացել։ Խոսքը վերաբերում է ինչպես հետցնցումների քանակին, այնպես էլ ուժգնությանը։
Այսպիսով, 1988 թ. Սպիտակի երկրաշարժը առաջին հերթին առանձնանում է բազմաստիճան (մուլտիպլետ) բնույթով, երբ կարճ ժամանակամիջոցում փոքր ընդմիջումներով եղել է երեք ուժեղ ցնցում։
Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց արտակարգ իրավիճակում գործելուն կոչված կազմակերպություններին և ծառայություններին։ Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան միայն 2-3 օր հետո։ Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն նրանց փորձի և արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էր անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի։ Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակաս։
Բնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն սպիները միշտ էլ հիշեցնում են վերքի մասին… Այսօր Գյումրին փորձում է ոտքի կանգնել: Բնակչությունը փորձում է առաջ նայել և կյանքը շարունակել իր բնականոն հունով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով