Ֆրունզիկ Մկրտչյան

Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան

«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»,- ասում էր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանը:

Հաճախ կատակերգական դերերով հանդես եկող, սակայն դրամատիկական դերերի մասին երազող Մհեր Մկրտչյանը ճակատագրի հեգնանքով ամենատխուր և դրամատիկ դերը խաղաց իրական կյանքում: Ուրախ-տխուր մարդուն կյանքը դեռ մանկուց էր հարվածներ հասցրել: Փոքրիկ Ֆրունզիկին մշտապես ուղեկցում էր միայնության զգացումը: Նրա ծնողներն աշխատում էին, իսկ քույրն ու եղբայրը փոքր էին։ Այդ պատճառով Մհերը չէր կարողանում նրանց հետ շփվել, ինչպես հավասարը հավասարի հետ: Նա պատուհանից հետևում էր հասակակիցների խաղին, սակայն բակ չէր իջնում. ապագա մեծ դերասանի թաղամասում խուլիգանները շատ էին, իսկ նրա արտաքին տեսքը, մասնավորապես շատ մեծ քիթը, հաճախ էր դառնում շրջապատի ծաղրի առարկան: Նրա վրա հաճախ էին ֆիզիկական ուժ գործադրում, իսկ Ֆրունզիկն այնքան ուժեղ չէր, որ հակահարված տար: Բնությունը նրան այլ բանով էր օժտել. նա դերասանական մեծ շնորհք ուներ և ապագայում պետք է դառնար իր ազգի պարծանքը: Տասը տարեկանում Ֆրունզիկը գնաց Գյումրու թատրոն, որտեղ էլ գտավ ինքն իրեն: Մեծ դերասանի եղբայրը` ռեժիսոր, կինոօպերատոր Ալբերտ Մկրտչյանը, պատմում է, որ եղբայրը ոչ մանկություն ունեցավ, ոչ էլ պատանեկություն, քանի որ նրա ընկերները տարիքով մեծ էին
Գյումրիում դերասանը սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ: 1945-46 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբում: Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն: 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։ Մհերի ստեղծած կերպարը այդ ֆիլմում հանդիսատեսը չի մոռանում մինչ օրս: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դառնալու կինոարվեստի ամենաինքնատիպ դերասաններից մեկը: Հայկական և սովետական կինոյում կոմիկ դերեր խաղացող դերասանը երազում էր, որ կինոյում իրեն կվստահեն դրամատիկական և գլխավոր դեր. չէ՞ որ թատրոնում նա արդեն վաղուց մարմնավորում էր Օթելլոյին:
Նրան ճանաչում, սիրում և գնահատում էին բոլորը: Ամենուր մոտենում էին, բարևում և ջերմ խոսքեր ասում: Դերասանը կատակում էր, թե շուտով իրեն ո´չ փաստաթղթեր պետք կգան, ո´չ գումար. առանց այդ էլ բոլորն իրեն ճանաչում են: Սակայն Ֆրունզիկ Մկրտչյանին այլ բան էր պետք երջանկության համար: Նրան սիրում էին բոլորը, բայց դա բավական չէր. նրան միայն մեկի սերն էր պետք, որ այդպես էլ չգտավ: Նրա անձնական կյանքը ողբերգական ընթացք ունեցավ…
Արտաքին թերությունները երբեք հանգիստ չեն տվել նրան: Մեծ ճանաչում և փառք վայելող դերասանը կարծում էր, որ հասարակությունը սիրում է նրա խաղացած դերերը, ոչ թե իրեն։ Եվ ահա նրա կյանքում հայտնվեց Ջուլիան: Դերասանի առաջին և ամենամեծ սերը նրան երջանկություն բերեց.   Ջուլիան իրեն ընդունում էր այնպիսին, ինչպիսին կա, և դա երջանկացնում էր դերասանին: Սակայն կյանքն այս անգամ էլ բարեհաճ չգտնվեց Ֆրունզիկի նկատմամբ: Ջուլիայի եղբայրները կտրականապես դեմ էին նրանց միությանն ու ուժով ամուսնացրին իրենց քրոջը ուրիշի հետ: Սա մեծ հարված էր դերասանին: Մոտ մեկ տարի ծանր հոգեվիճակում գտնվելուց հետո նա հանդիպեց Դոնարային, ով կարողացավ նրան շեղել իր ցավերից: Սիրահարված դերասանն անգամ չէր էլ նկատում սիրելիի վարքագծի տարօրինակ դրսևորումները: Ֆրունզիկն իսկապես երջանիկ էր, երբ ծնվեց դուստրը, բայց ամուսնությունն աստիճանաբար անկում էր ապրում: Դոնարան ամեն օր խանդի տեսարաններ էր սարքում և վիճում ամուսնու հետ: Կնոջ հիստերիաները խոցում էին դերասանին, ով փրկություն էր գտնում նկարահանումների ժամանակ և թատրոնում ու այլևս չէր շտապում տուն: Մի քանի տարի անց ծնվեց Ֆրունզիկի և Դոնարայի երկրորդ զավակը, սակայն Դոնարայի վիճակը ավելի վատացավ: Սրան հաջորդող երեք տարիներն իսկական քաոս էին դերասանի համար: Նա սկսում է զբաղվել երկու երեխաների խնամքով հետին պլան մղելով թատրոնն ու կինոն:
Երեք տարի անց նա ռեժիսոր Գեորգի Դանելիայի կողմից հրավեր է ստանում` «Միմինոյում» մարմնավորելու գլխավոր հերոսին: Մոսֆիլմի նկարահանած ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորելը պետք է որ երջանկացներ դերասանին։ Սակայն նույնիսկ երազած դերը չէր շեղում Ֆրունզիկին մռայլ մտքերից. նա շարունակ մտածում էր առանց մայր մնացած երկու երեխաների, հոգեբուժարանում գտնվող կնոջ մասին: Հենց այս հոգեվիճակում էլ նրան օգնության հասավ ալկոհոլը: Վերջինս սկսել էր հաճախ հարբած գալ նկարահանման հրապարակ, և ռեժիսոր Գեորգի Դանելիանը նրան երկընտրանքի առաջ կանգնեցրեց. կա´մ ալկոհոլը, կա´մ աշխատանքը: «Միմինոն» անհավանական փառք է բերում Ֆրունզիկին: Սակայն մարդիկ չէին նկատում նրա ողբերգությունը: Դերասանի շարունակական մռայլությունը վերագրում էին նրա զբաղվածությանն ու հոգնածությանը: 70-ականների վերջին Ֆրունզիկ Մկրտչյանն ի վերջո ուրախանալու առիթ ունեցավ. դուստրը Նունեն, սիրահարվեց, ամուսնացավ և մեկնեց Արգենտինա:
Դերասանն ապագայի համար մեծ հույսեր էր կապում որդու հետ: Այս դեպքում էլ կյանքը դաժան գտնվեց. տղայի մեջ աստիճանաբար նկատվեցին հուզական անհավասարակշռության նախանշաններ. բժիշկներն ախտորոշեցին, որ Վահագնը հոգեկան խանգարում ունի` մորից ժառանգած:
57 տարեկանում Ֆրունզիկը ամուսնանում է Թամարա Հովհաննիսյանի հետ: Թվում էր` ամեն ինչ կարգավորվում է. Ֆրունզիկը վերագտել էր ընտանեկան ջերմությունն ու հանգստությունը: Սակայն այս ամուսնությունն էլ երջանկություն չբերեց նրան:
Կյանքը Ֆրունզիկ Մկրտչյանին ևս մեկ սարսափելի անակնկալ էր պատրաստել. 88 թվականի երկրաշարժի ժամանակ փլվեց Գյումրու նրա տունը, իսկ օրեր անց էլ նա իմացավ, որ Արգենտինայում ավտովթարից 39 տարեկանում մահացել է դուստրը: Դերասանը չկարողացավ հաղթահարել այս հարվածը: Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս չի գալիս ծանր դեպրեսիայից: Խնդիրները հաղթահարել չի կարողանում օգնել անգամ կինը, և նրանք ամուսնալուծվում են:
1993թ. աշնանը Ֆրունզիկ Մկրտչյանը վերջին անգամ բեմ բարձրացավ` իր սեփական թատրոնի բեմը: Նա խաղաց իր բեմադրած «Հացթուխի կինը», որտեղ մարմնավորում էր հացթուխին և խաղում իր կյանքի ամենաիրական դերը: Դերասանը բեմում գոռում էր, լացում. դա խաղ չէր, դա նրա հոգու ցավն էր…
Նույն թվականի դեկտեմբերին Ֆրունզիկը որդուն տարավ Ֆրանսիա` բուժելու հույսով, սակայն բժիշկների ախտորոշումը վերջնականապես ծնկի բերեց նրան. որդին հոգեկան ժառանգական խնդիրներ ուներ, և դա անբուժելի էր: Մեծ դերասանն ուզում էր մահանալ, ապրելու համար էլ պատճառ չուներ: Մահվանից ժամեր առաջ նա եղբորը խնդրել էր նկարահանել ֆիլմ, որտեղ շրջապատում բոլորը խելագար են, բայց իրեն են փորձում համոզել, թե ինքն է խելագար… Նույն օրը երեկոյան Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով