Ամանորը տարբեր երկրներում

Ամանորը տարբեր երկրներում

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություն են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապիկին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս։


Ամանորը հին Հայաստանում

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվում է օգոստոսի 11-ին։ Այն 12֊րդ դարում ընդունել է տոմարագետ Հովհաննես Սարկավագը։

Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում՝ արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ։ Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր (հիմնականում՝ եղջերու) և ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա)։ Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաև քրիստոնեության վաղ շրջանում։


Ամանորը Ֆինլանդիայում

Թերևս «ամենաամանորյա» երկիրը Ֆինլանդիան է, քանզի իրական Սանտա Կլաուսն ապրում է հենց ֆիննական Լապլանդիայում: Հենց այստեղից Սանտա Կլաուսը եղջերուներով լծված՝ ուղևորվում է աշխարհի տարբեր երկրներ:

Ավանդույթի համաձայն՝ կազմակերպվում է ամանորյա մեծ ընթրիք, հրավառություններ: Ամանորյա գիշերն ըստ ավանդույթի՝ ֆինները գուշակություններ են անում հալած թիթեղի օգնությամբ. այն, ինչ ցույց կտա թիթեղը, դա էլ պետք է սպասել գալիք տարում:

Գուշակությունը ֆինները մեկնաբանում են ուշադիր նայելով թիթեղին. եթե կրակից հալած թիթեղի ստվերը պատի վրա ցույց է տալիս ժանյակաձև նախշեր, ապա տարին խոստանում է փող, սեր, ճանապարհորդություն, հարսանիք և այլն: Իսկ եթե թիթեղը մասերի է բաժանվում, ապա դա տխրություն է բերում:

Ֆինլանդիայի բնակիչների համար ամանորյա իդեալական նվեր են հանդիսանում սպորտային սարքավորումներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են սեր և ընկերություն գալիք տարում:


Ամանորը Անգլիայում

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան հետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:


Ամանորը Ֆրանսիայում

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ՝ չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։


Ամանորը Իտալիայում

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Դեկտեմբերի 31-ին տղամարդիկ և կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ։ Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը։ Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են ստանում Ձմեռ Պապի կնոջից՝ Լա Բեֆանայից։


Ամանորը Իսպանիայում

Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ մեծ տոնածառի մոտ, դիմավորելու Ամանորը։

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսները։ Եթե հասցնում են ուտել հատիկները՝ «երաշխավորվում» է բաղձալի երազանքների կատարումը։


Ամանորը ԱՄՆ-ում

Ավանդաբար ԱՄՆ-ում մինչև կեսգիշեր հրաժեշտ են տալիս անցնող տարուն, հետո միայն դիմավորում գալիք տարին: Ամերիկացիները նախընտրում են նշել այն աղմկոտ միջավայրում, տանից դուրս՝ այցելելով գիշերային ակումբներ, ռեստորաններ, թատրոններ:

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորն ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն:

Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խոհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում են և տարեվերջին ամփոփում:


Ամանորը Բրազիլիայում

Բրազիլիայում  Ամանորը «ամառային» տոն է, քանի որ Բրազիլիայում այդ տոնի ժամանակ տաք եղանակ է:

Ավանդույթի համաձայն՝ աշխատավորները պատուհաններից նետում են գրասենյակային հին թղթերը, ինչը նշանակում է, որ աշխատանքային հին տարին մոտենում է ավարտին: Ամանորը նշելու բրազիլական մշակույթում հանդիպում են նաև հեթանոսական ավանդույթներ, օրինակ՝ ընդունված է ջրի մեջ ծաղիկներ և մոմեր իջեցնել և ցանկություն պահել:


Ամանորը Հնդկաստանում

Հնդկաստանում տարբեր ցեղեր տարբեր կերպ են նշվում Ամանորը և տարբեր ժամանակահատվածում:

Հնդիկների մեծամասնությունն այս տոնը նշում է լուսնային-արևային օրացույցի համաձայն՝ մարտի 22-ին, իսկ փանջաբիներն ու ասսայիները նշում են ապրիլի 13-ին: Տեղի սակավաթիվ քրիստոնյաները նշում են դեկտեմբերի 31-ին:

Հայտնի ավանդույթներից է Ամանորի նախօրեին հրաժարվել հին հագուստներից: Որոշ նահանգներում հագուստները վառում են: Իսկ ահա ուրիշների իրերն ընտրելը համարվում է վնասակար սեփական հաջողության համար: Այդ իսկ պատճառով՝ հնդիկները ձգտում են Ամանորին թարմացնել իրենց զգեստապահարանը:

Ամանորյա հաջողության գույներն են՝ վարդագույնը, դեղինը, ոսկեգույնը: Հնդկական ցեղերից մեկի՝ փանջաբիների մոտ Ամանորին ընդունված է մարմնի վրա դաջվածքներ անել, որպեսզի եկող տարին իր հետ երջանկություն բերի: Ասսայիների համար Ամանորն այն ժամանակն է, երբ պետք է տուրք մատուցել աստվածներին և սուրբ կենդանիներին:

Կենտրոնական նահանգներում հայտնի են ամանորյա մրցույթներն ու ինքնատիպ շքերթները: Ինչպես նաև Հնդկաստանից է եկել Ամանորին օդային օձեր բաց թողնելու ավանդույթը:


Ամանորը Չինաստանում

Չինաստանում Ամանորն ամենահայտնի ազգային տոնն է, որը նշվում է երկու անգամ. հունվարի 1-ին, ինչպես քրիստոնեական երկրների մեծամասնությունը, և նորալուսնի ժամանակ՝ այսպես կոչված «Գարնան տոնը»:

Ամեն տարին կապված է համաստեղության նշանի և տարերքի հետ: Ամանորի հետ կապված են մի շարք ավանդույթներ և սնահավատություններ: Ամանորի նախաշեմին դռան վրա կախում են 5 երկար ժապավեն, որոնք խորհրդանշում են երջանկության 5 տեսակ. հաջողություն, պատիվ, երկարակեցություն, հարստություն և ուրախություն:

Գոյություն ուներ նաև հավատամք, ըստ որի՝ մարդիկ հավատում էին, որ չար ոգիները վախենում են կարմիր գույնից, այդ իսկ պատճառով՝ տոնական օրերին ամենուրեք գերիշխում էր կարմիր գույնը:

Ամանորին Չինաստանում միմյանց նվիրում են զույգ նվերներ, որոնք խորհրդանշում են միասնություն, ընտանեկան ներդաշնակություն, օրինակ՝ երկու ծաղկաման, երկու բաժակ և այլն: Ընդունված չէ նվիրել ժամացույց, հատկապես՝ ծերերին, կամ խաղալիքներ և մանկական իրեր նրանց, ում երեխաները դեռևս չեն ծնվել: Սովորաբար նվերները հանձնում են վերջում, հաճախ էլ նվերները թողնում են գաղտնի:


Ամանորը Ճապոնիայում

Ծագող արևի երկրում Ամանորը զգալի նշանակություն ունի: Բազմաթիվ սովորույթներ և ծեսեր կան տոնի հետ կապված:

Ճապոնացիները՝ վախենալով, որ երջանկության և հարստության հետ տուն կներթափանցեն չար ոգիները, դռան վրա կախում են ծղոտե փնջեր: Տոնին պատրաստվում են մի քանի շաբաթ առաջ: Դեկտեմբերի կեսերին ճապոնացիները սկսում են շնորհավորական բացիկներ գրել իրենց հարազատներին, ընկերներին, ծանոթներին՝ մաղթելով նրանց հաջողություններ, երջանկություն և առողջություն: Այս ավանդույթն ունի զգալի նշանակություն, քանզի դպրոցական տարիքից երեխաները սովորում են ճիշտ գրել բացիկներ:

Ամանորի գիշերը ճապոնացիներն ուղևորվում են սարեր կամ ծով, որտեղ արևի առաջին ճառագայթների հետ լուսաբացին ծափահարություններով հրաժեշտ են տալիս հին տարուն և դիմավորում Նոր տարին:


Ամանորը Իսլանդիայում

Իսլանդացիներն ըստ ավանդույթի՝ Ամանորին խարույկ են վառում, պարում և երգում խարույկի շուրջ: Ամենուր կարելի է տեսնել զարդարված «տրոլլեր» և «էլֆեր»: Ի դեպ, նրանց նաև բաժին է հասել Ձմեռ Պապի դերը: Այստեղ Ձմեռ Պապիկների քանակը բավական բազմաթիվ է:

Աղջիկներն ու տղաները կարմիր գուլպա են կախում պատուհաններից արդեն դեկտեմբերի 13-ին, քանի որ «ամանորյա պատանիներից» յուրաքանչյուրը թաքուն նվերներ է բերում: Եթե երեխաները իրենց վատ պահեն, ապա իրենց գուլպայում կարող են գտնել ոչ թե նվեր, այլ՝ կարտոֆիլ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով